Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը վերադառնա Զինված ուժեր։
«Ես չգիտեմ կվերադառնա, թե չի վերադառնա կամ կցանկանա վերադառնալ, բայց ես հասկացա, որ Օնիկ Գասպարյանն ի վիճակի է ոչ միայն վերլուծություններ անել, այլ նաև իր անցած ճանապարհով կարող է նաև մեր կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո պարզ կլինի, թե արդյոք նա կմիջնորդի, որ Օնիկ Գասպարյանը վերադառնա Զինված ուժեր։
«Այսօր, եթե խոսեք մեր հանձնաժողովի յուրաքանրչյուր աշխատակցի հետ, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը չլինելով զինվորական կերտել է ինքն իրեն։ Շատերն ավարտել են ռազմական ուսումնարաններ, բայց Օնիկ Գասպարյանն իր մահապարտներով կերտել է այն ընթացքը, որը 1994 թվականին պարգևել է մեզ հաղթանակ և հրադադար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր՝ մարտի 16-ին, մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: