Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն իրականացրել են համատեղ միջոցառումներ արգելված իրերի հայտնաբերման նպատակով:
Օրվա տարբեր ժամերին կատարվել են չնախատեսված խուզարկություններ խցերում և մասնաշենքերի հարակից տարածքներում: Արդյունքում՝ խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջոցառում էր իրականացվել նաև օրեր առաջ: Մասնավորապես՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի որոշ խցերում պատրաստված թաքստոցներում պահվում են արգելված իրեր:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի ծառայողները խուզարկությունների արդյունքում հիմնարկի նշյալ խցերի թաքստոցներից հայտնաբերել էին 4 բջջային հեռախոս, 1 լիցքավորիչ՝ իր լարով, 3 ականջակալ և 2 բաժանորդային քարտ: