Կառավարությունը մարտի 16-ի նիստին հաստատեց ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։
Հարցը կառավարության անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք, ըստ էության, արդեն վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում։ Հիշեցնեմ, որ նախորդ տարի՝ ավելի քան 6 տարի դադարից հետո, Ազգային ժողովը հաստատեց Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որով հստակ ուղենշվեցին կրթության բոլոր մակրադկաներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները։ Սա մեր միակ ռազմավարությունն է, որ այսպիսով ունի՝ օրենքի կարգավիճակ, նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար։
Համաձայն Կրթության զարգացման պետական ծրագրի՝ դրա ընդունումից հետո պետք է մշակվի և կառավարության կողմից հաստատվի ծրագրի իրականացման գործողությունների պլանը։ Ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը՝ հստակ անելիքներով, արդյունքային ցուցանիշներով, պատասխանատու կառույցներով և ժամկետներով»,-ասաց նախարարը։
Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ կրթության բոլոր մակարդակների համար, իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։
Նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով՝
1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.
2) կրթության արդյունավետության բարձրացում, որը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնվելով կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա.
3) կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանն ու փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։