ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընդհանուր զինծառայության ժամկետում փոփոխություն է նախատեսվում

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության գործընթացում հստակեցնել` միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի սովորողների ներգրավման հարցը, 3 ամսով երկարաձգել պատրաստության ժամկետը` ծրագրի շրջանակներում ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի 6 ամիս, 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք սահմանել նաև ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի առաջացումը, ինչպես նաև պարզեցնել 18 տարին լրանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշմամբ քաղաքացուն նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու դեպքում:

Մի շարք առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ մասնավորապես Հայաստանում ամերիկյան, ֆրանսիական, հայ-ռուսական համալսարանները, որոնք ստեղծվել են միջպետական պայմանագրերով, հավատարմագրված են ոչ թե ՀՀ-ում, այլ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում: Հաշվի առնելով վերոնշյալ բուհերից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցել ցանկացող դիմորդների մեծ հոսքը անհրաժեշտ է տալ այնպիսի սահմանում, որը կընդգրկի ամբողջ բուհական համակարգը:

2022թ. ամառային զորակոչի շրջանակներում ծրագրով զորակոչված անձանց պատրաստության 3 ամսյա ժամկետն ակնհայտ դարձրեց, որ այն բավարար չէ պատշաճ պատրաստություն ունեցող սպաներով ՀՀ զինված ուժերը համալրելու համար: Այդ նպատակով առաջարկվում է ևս 3 ամսով երկարաձգել պատրաստության ժամկետը` արդյունքում ծրագրի շրջանակներում ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի 6 ամիս:

Որոշման մեջ ծրագրին մասնակցելու համար դիմումների ընդունման գործընթացը կանոնակարգող դրույթից դուրս են մնում միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում սովորող դիմորդները, որոնք բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար դիմում են 2-րդ փուլով, որը սկսվում է տվյալ տարվա հունիս ամսվա վերջին: Միաժամանակ, որոշման գործողության ընթացքը ցույց է տվել, որ սահմանված ՄՈԳ-ի չափերը խոչընդոտ են ծրագրում քաղաքացիների ներառման համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ապահովել ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմանը տրվող հղումները, ինչպես նաև 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը:

«Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման դադարման հիմքեր են հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությունից կամ ռազմական պատրաստությունից հրաժարվելու կամ անբավարար առաջադիմության արդյունքում հեռացվելու կամ առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ստանալու կամ առկա ուսուցման ձևը փոխելու դեպքերը: Այս շարքում չի նախատեսվել քաղաքացու կողմից նույն կուրսը կրկնելու դեպքում նրա հետագա տարկետման հարցի կարգավորումը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու կողմից տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխումը ևս սահմանել որպես բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատելու (հեռացնելու) պայման և այն դիտարկել որպես ծրագրով կնքված պայմանագրի դադարեցման հիմք:

Որոշման 2-րդ հավելվածով սահմանված գործընթացի ընթացքը ցույց է տվել, որ 18 տարին լրանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրելը և վերջինիս կողմից դրանք ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկելը ավելորդ գործընթաց է, ուսումնական հաստատությունները իրենց մոտ սովորող քաղաքացիների միջոցով հնարավորություն ունեն համապատասխան տեղեկատվությունը քաղաքացու միջոցով փոխանցելու վերջինիս զինհաշվառման մարմին: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել գործընթացն իրականացնել առավել պարզեցված ձևով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել