Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ՝ 200 միավոր էլեկտրոնային հսկողության միջոցներ է ձեռք բերել՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառելիությունն ապահովելու համար։ Դրանք ոտքին կամ ձեռքին կրելու համար են։
Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Այսօր արդեն մոտ 70 միավոր ժամանակակից տեխնիկա կիրառվում է»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ձեռք է բերվել նաև ստի դետեկտոր (պոլիգրաֆ): «Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց»,-նշեց Մինասյանը։
Նաև հատուկ սարքավորում է ձեռք բերվել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Բացի այս, նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։