Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,-նշել է նա։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության հետ կապված:
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչ է տեղի ունեցել պարեկների և Գևորգ Պետրոսյանի միջև։