Գևորգ Պետրոսյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ է տեղի ունեցել իր պաշտպանյալի և պարեկների միջև

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչ է տեղի ունեցել պարեկների և Գևորգ Պետրոսյանի միջև։

«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։ Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։

Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը»։

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության հետ կապված:

«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել