Բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով կկատարելագործվի օրենսդրությունը․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի» ՀՀ կառավարության նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ  գործողությունների ծրագրի նախագիծը, որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝

  1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
  2. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
  4. Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
  5. Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի միջոցով՝ բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը և ապահովվելու են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել