Գևորգը լուրջ առողջական խնդիրներ ունի․ Նաիրա Զոհրաբյան

Գևորգը լուրջ առողջական խնդիրներ ունի և մշտապես պիտի լինի բժշկի հսկողության տակ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երեկ, երբ մինչեւ 20 IQ-ի թեսթային ռեժիմը հաղթահարած պարեկները մի ողջ գվարդիայով Գևորգին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, Գևորգի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և կանչված շտապ օգնության բժիշկներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչը պարեկները չեն արել և իրենց իջեցված ցուցումի համաձայն՝ Գևորգին տեղափոխել են ձերբակալված անձանց պահպանման վայր։

Հիմա ասում եմ ձեզ՝ Գևորգը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես պիտի լինի բժշկի հսկողության տակ։

Հետո չասեք՝ չգիտեինք»,-նշել է նա։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է, որ Այս պահին Գևորգ Պետրոսյանը Մասիվի ոստիկանական բաժանմունքում է։

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության հետ կապված:

«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչ է տեղի ունեցել պարեկների և Գևորգ Պետրոսյանի միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել