ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:
Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և անհրաժեշտ պայմանների ապահովում։
Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, և աշխատանքներն իրականացվում են համագործակցային մեխանիզմով:
Հաշվի առնելով համակարգողի գործառույթների և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում:
Նշանակման ընթացակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից սկսած՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ:
Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում:
Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մասին հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման www.azdarar.am, ԿԳՄՍ նախարարության, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ վերջիններիս կայքերում:
Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Մասնակցության հայտերի բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
Համապատասխան ստորաբաժանումը հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին:
Վերջինս հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք, որոնց հիման վրա հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:
Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն: