Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Միաժամանակ, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել