Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է Հայաստանում կարմրուկի դեպքերի գրանցման մասին։
«Մենք ունեցել ենք բերովի դեպքեր, որոնք լոկալ մնում էին և չէին տարածվում։ Հիմա փաստորեն ունենք լոկալ տարածումներ և իմ տեղեկություններով՝ այն հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին։ Նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող, ինչը ինքնին ցավալի է»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու՝ դիմակայելու հիվանդություններին, բայց, ըստ Թորոսյանի՝ երբեմն նրանք ևս տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։
«Փաստորեն ոչ միայն իրենք չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, այլև ուրիշներին կոչ են անում չպատվաստվել։ Փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ։ Այո, բարեբախտաբար, ունենք պատվաստման բարձր ցուցիչ՝ ԿԿԽ-ի ծածկույթը սովորաբար տատանվում է 90-ից 95 տոկոսի շրջանակներում, բայց, այնուամենայնիվ, այդ հինգ տոկոսը բավականին մեծ թվով քաղաքացիներ են, եթե ազգաբնակչության վրա տարածենք։
Հետևաբար, ամեն դեպքում բոլոր չպատվաստված քաղաքացիները պետք է պատվաստվեն։ Մեր գործընկեր բժիշկներին կոչ եմ անում տուրք տալ իրենց ակադեմիական գիտելիքներին և ոչ թե տարատեսակ ինտերնետի նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։ Դուք պարտք ունեք փրկելու կյանքեր, այլ ոչ թե վտանգի տակ դնելու այդ կյանքերը», ընդգծեց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում