Կարմրուկի կանխարգելման ամենագործուն և պաշտպանող միջոցը պատվաստումն է։
Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ազգային օրացույցով սահմանված է 2 պատվաստում․ առաջինը՝ մեկ տարեկան երեխաներին և 2-րդ դեղաչափը՝ 4 տարեկանից մինչև 6 տարեկանը։ Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ բնակչության շուրջ 5 տոկոսը պատվաստված չէ։
«Այս պահին աշխատանքներ ենք իրականցնում մեր պոլիկլինիկաների ամբուլատորիաների հետ՝ վեր հանելու պատվաստումները բաց թողած մեր բանկչության ցուցակները և նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու, որպեսզի նրանք ևս ընդգրկվեն պատվաստումների մեջ և կանխեն հիվանդանալը, այն ռիսկերի խմբերին վարակելը, որոնք այս պահին չեն կարող պատվաստվել, օրինակ՝ մեկ տարեկանից ցած բալիկները։ Դրա համար, առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ՝ անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտապնում են նաև իրենց փոքր քույրիկներին, եղբայրներին։ Սա շատ կարևոր է։ Այո, 95 տոկոսը բավական մեծ իմունիտետային շերտ է, բայց մենք ունենք քաղաքացիներ, բալիկներ, որոնք այս պահին չեն կարող օգտվել պատվաստումից և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց պաշտպանելու համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և միջոցառումներից:
Նշենք, որ մարտի 6-ի տվյալներով՝ Հայաստանում կարմրուկի հաստատված 20 դեպք կա։ Հիվանդներից 19-ը հոսպիտալացված են։ Նրանցից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակ։