ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 24-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի։
Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
1) 2023-2024 ուսումնական տարի՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում,
2) 2023-2024 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2,5,7,10-րդ դասարաններում,
3) 2024-2025 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 3,6,8,11-րդ դասարաններում,
4) 2025-2026 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 1,4,9,12-րդ դասարաններում:
Հրամանն ուժի մեջ է մտել մարտի 1-ին։
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափանիշներով սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) սովորողների գնահատման (այսուհետ` Գնահատում) հետ կապված իրավահարաբերությունները։
2. Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
3. Գնահատումը միտված է յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության խթանմանը, ուսուցման և ուսումնառության վերահսկմանը, բարելավմանը և շարունակական զարգացմանը:
4. Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները:
5. Հաստատության կողմից գնահատման ընթացքում սովորողի ուսումնական առաջընթացի, դժվարությունների և բացառիկ ընդունակության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համար:
6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:
7. Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ.
1) հայտորոշիչ գնահատում,
2) ձևավորող գնահատում,
3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող):
2. ՀԱՅՏՈՐՈՇԻՉ ԳՆԱՀԱՏՈՒՄ
8. Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Փուլի ընտրությունը թողնվում է ուսուցչի հայեցողությանը:
9. Հայտորոշիչ գնահատումը հնարավորություն է տալիս պլանավորելու ուսուցման և ուսումնառության գործընթացը, ինչպես նաև ընտրելու ուսուցման կազմակերպման արդյունավետ ձևեր, միջոցներ և մեթոդներ:
10. Հայտորոշիչ գնահատումն իրականացվում է տարբեր ձևերով՝ կախված ուսումնասիրվող առարկայի, թեմայի և սովորողի կամ ուսումնական խմբի տարիքային առանձնահատկություններից:
11. Հայտորոշիչ գնահատման ձևն ընտրում է ուսուցիչը: Հայտորոշիչ գնահատման համար կարող են օգտագործվել հետևյալ ձևերը՝
1) թեստ կամ գրավոր այլ աշխատանք.
2) բանավոր հարցում.
3) բաց հարցերով քննարկում.
4) այլ:
3. ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
12. Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար:
13. Ձևավորող գնահատման խնդիրն է ապահովել՝
1) ներառական, փոխներգործուն ու համագործակցային ուսուցման և ուսումնառության միջավայրի ստեղծումը.
2) սովորողի զարգացմանը նպաստող կառուցողական հետադարձ կապը.
3) սովորողի կողմից ինքնագնահատման և ինքնավերլուծության հմտությունների ձեռքբերումը։
14. Ձևավորող գնահատումը չի ենթադրում տարբեր սովորողների ուսումնական արդյունքների համեմատում:
15. Ձևավորող գնահատումն ապահովում է սովորողի` տվյալ պահի անհատական ուսումնական ձեռքբերումների համեմատությունը նրա նախկին ձեռքբերումների հետ։
16. Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում:
17. Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրում է ուսուցիչը, այն քննարկվում է առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող է լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում:
18. Ձևավորող գնահատման ձևերն ընտրելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, ուսուցանվող նյութի բովանդակությունը և սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
19. Ձևավորող գնահատումն իրականացվում է ուսուցչի և սովորողի (ինքնագնահատում, փոխադարձ գնահատում) կողմից:
20. Ձևավորող գնահատման համար կարող են օգտագործվել հետևյալ ձևերը.
1) գրավոր կարճ հարցում (թեստ).
2) բանավոր հարցում.
3) գրավոր աշխատանք.
4) գործնական (լաբորատոր) աշխատանք.
5) տնային աշխատանք.
6) նախագծային աշխատանք.
7) քննարկում, բանավեճ.
8) այլ:
21. Ուսուցչի և սովորողների միջև ապահովվում է փոխադարձ հետադարձ կապ, բացահայտվում է, թե առաջադրանքի կատարման ընթացքում սովորողն ինչ դժվարություններ ունի, ինչի հիման վրա էլ որոշվում են ուսուցման և ուսումնառության կազմակերպման հարմարեցումներն ու փոփոխությունները՝ բարելավելու սովորողի ուսումնառության արդյունքները։
22. Ձևավորող գնահատում իրականացնելիս ուսուցչի կողմից օգտագործվում են սովորողի ուսումնական ձեռքբերումները և դժվարությունները նկարագրող վերլուծություններ, մեկնաբանություններ:
23. Ձևավորող գնահատում իրականացնելիս միավոր չի նշանակվում:
4. ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՈՒՄ
24. Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով:
25. Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով:
26. Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը:
27. Հաստատության 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր:
28. Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով:
29. Ամփոփիչ (միավորային և բնութագրող) գնահատման ձևերը սահմանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ մեթոդներն ընտրում է ուսուցիչը, որոնք քննարկվում են առարկայական մեթոդական միավորման նիստում, հաստատվում տնօրենի հրամանով և կարող են լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում:
5. ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
30. Միավորային գնահատման կիրառման դեպքում սովորողի ուսումնառության արդյունքների քանակական ցուցիչը գնահատականն է։
31. Գնահատականը գնահատման գործընթացի նիշային արտահայտությունն է` միավորներով:
32. Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած:
33. Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ՝ 1 (մեկ), 2 (երկու), 3 (երեք), 4 (չորս), 5 (հինգ), 6 (վեց), 7 (յոթ), 8 (ութ), 9 (ինը), 10 (տասը), որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։
34. Միավորային գնահատման արդյունքները գրանցվում են էլեկտրոնային դասամատյանում:
35. Միավորային գնահատման անհնարինության դեպքում դասամատյանում դրվում են հետևյալ նշումները՝
1) սովորողի բացակայության դեպքում՝ «բ».
2) միավորային գնահատման հաստատված ձևերը չկատարելու դեպքում՝ «-»:
36. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:
37. Միավորային գնահատումը կարող է իրականացվել գնահատման հետևյալ ձևերով՝
1) թեստ.
2) բանավոր հարցում.
3) գրավոր աշխատանք.
4) գործնական (լաբորատոր) աշխատանք.
5) նախագծային աշխատանք.
6) այլ:
38. Միավորային գնահատման ցանկացած ձևի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ և ձևավորող գնահատումներ:
39. Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է սույն կարգի 38-րդ կետում սահմանված և ուսուցչի կողմից ընտրված գնահատման ձևերից ստացած գնահատականների միջին թվաբանականով, ինքնաշխատ եղանակով:
40. Սովորողի տարեկան գնահատականը ձևավորվում է կիսամյակային գնահատականների միջին թվաբանականով, ինքնաշխատ եղանակով:
41. Սովորողների գնահատման համար ներկայացված 10 միավորային սանդղակի գնահատման միավորների բնութագրիչներն ընդհանրական են, որոնք հստակեցվում և տեղայնացվում են` ըստ առանձին ուսումնական առարկաների և գնահատման տարբեր ձևերի։
Միավորը |
Բնութագրիչները |
1 |
Ճանաչում է ուսումնական նյութի որոշ պարզ օբյեկտներ, երևույթներ և գործողություններ։ |
2 |
Ճանաչում և տարբերակում է ուսումնական նյութի պարզ օբյեկտներ, իրականացնում է պարզագույն գործնական գործողություններ՝ ըստ օրինակի։ |
3 |
Հիշողությամբ վերարտադրում է ուսումնական նյութի փոքր մասը, իրականացնում է մտավոր և գործնական պարզ գործողություններ՝ ըստ օրինակի: |
4 |
Հիշողությամբ վերարտադրում է ուսումնական նյութի առնվազն կեսը, օրինակ՝ նկարագրում է ուսումնասիրվող օբյեկտները բանավոր կամ գրավոր ձևերով, թվարկում է ընդհանուր և տարբերակիչ հատկանիշներն առանց մեկնաբանության, իրականացնում է մտավոր և գործնական ոչ բարդ գործողություններ՝ ըստ օրինակի: |
5 |
Հասկանալով վերարտադրում է ուսումնական նյութի հիմնական մասը, նկարագրում է ուսումնասիրվող օբյեկտները, թվարկում է ընդհանուր և տարբերակիչ էական հատկանիշներն առանց դրանց բացատրության, իրականացնում է գործնական և մտավոր գործողություններ՝ ըստ հայտնի կանոնների կամ օրինակի: |
6 |
Հասկանալով վերարտադրում է ուսումնական նյութի ամբողջ ծավալի հիմնական մասը, նկարագրում է ուսումնասիրվող օբյեկտները` կառուցվածքային կապերն ու փոխհարաբերությունները բացահայտող բացատրական տարրերով, կիրառում է գիտելիքները ծանոթ իրավիճակում ըստ օրինակի` բանավոր, գրավոր կամ գործնական վարժությունների, խնդիրների, առաջադրանքների կատարման միջոցով: |
7 |
Հասկանալով վերարտադրում է ուսումնական նյութն ամբողջ ծավալով, կիրառում է սովորածը ծանոթ իրավիճակում, նկարագրում և բացատրում է ուսումնասիրվող օբյեկտները, հայտնաբերում և հիմնավորում է առերևույթ կապերը, փորձառությունից օրինակներ է բերում, կատարում է վարժություններ, խնդիրներ և առաջադրանքներ ծանոթ իրավիճակում՝ ցուցումների հիման վրա: |
8 |
Տիրապետում է ուսումնական նյութին և կիրառում ծանոթ իրավիճակում, մանրամասն նկարագրում է ուսումնասիրության օբյեկտները, բացահայտում է էությունը, հիմնավորում և ապացուցում փաստերով, եզրակացություններ է անում, ինքնուրույն կատարում է առաջադրանքները: |
9 |
Լիարժեք տիրապետում է ուսումնական նյութին, կիրառում է մասամբ փոփոխված իրավիճակում: Առաջադրում է վարկածներ, ուսումնական խնդիրների լուծման նոր ճանապարհներ և ապացույցներ, ցուցաբերում է քննադատական և ստեղծագործական մոտեցումներ։ |
10 |
Լիարժեք կիրառում է ուսումնական նյութն անծանոթ իրավիճակներում: Բացահայտում է տարբեր երևույթների ներքին և արտաքին կապերը, օրինաչափությունները, առաջարկում է խնդիրների լուծման ռացիոնալ ուղիներ, կառուցում ալգորիթմներ, ցուցաբերում է ստացած արդյունքները վերլուծելու, գնահատելու հմտություններ, ցուցաբերում է քննադատական և ստեղծագործական հմտություններ: |
6. ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
42. Սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը կազմվում է սովորողի ուսումնական ձեռքբերումները նկարագրելու, ուսումնառության որևէ փուլի արդյունքներն ամրագրելու նպատակով:
43. Դրական է գնահատվում սովորողի յուրաքանչյուր հաջող քայլ, ինքնուրույն հարցի պատասխանը գտնելու յուրաքանչյուր (նույնիսկ անհաջող) փորձ։ Խրախուսվում են նախաձեռնողականության դրսևորումը, հարցին պատասխանելը, խմբով աշխատելու ցանկությունը և ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցության այլ դրսևորումները։
44. Սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատման առանձնահատկություններն են՝
1) գնահատվում է ոչ միայն արդյունքը, այլև սովորողի գործունեությունը.
2) գնահատվում են սովորողի անհատական ձեռքբերումները, ոչ թե այն, ինչը սովորողը չի արել, չի սովորել, չի հիշել.
3) հաշվի առնելով ուսումնական նյութի առանձնահատկությունները՝ տարբեր առարկաների գնահատման ձևերը կարող են տարբերվել։
45. Բնութագրող գնահատման ընթացքում ուսուցիչը արձանագրում է՝
1) սովորողի կողմից կրթական տեղեկատվության ընկալման և մշակման արագությունը.
2) առարկայական գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների յուրացումը.
3) տեղեկատվության մտապահումը.
4) աշխատանքի ճշգրիտ և մանրակրկիտ կատարումը.
5) սովորողի ուսումնառության մոտիվացիան.
6) սովորողի ինքնուրույնությունը.
7) սովորողի ինքնագնահատման ունակությունը։
46. Սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը ներառում է նրա ուսումնական գործունեության արդյունքները` տվյալ դասարանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական բոլոր առարկաներից:
47. Բնութագրող գնահատումն իրականացվում է՝
1) 1-4-րդ դասարանների կիսամյակների և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ավարտին.
2) տարրական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրի ավարտին:
48. Տարրական դպրոցի յուրաքանչյուր սովորողի ուսումնառության կիսամյակային արդյունքների ամփոփման նպատակով կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:
49. Սովորողի ուսումնական ձեռքբերումներն արձանագրելու համար հիմք են ուսումնական առարկաների չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքները:
50. Բնութագրող գնահատման չափանիշները հստակեցվում և տեղայնացվում են ըստ առանձին ուսումնական առարկաների:
51. Ամփոփիչ գնահատման ձևերից սովորողների ուսումնառության արդյունքները գրանցվում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և կցվում են սովորողի անձնական գործին: