Վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի խնդրին եւ դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու մասին, որի դեպքում Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ: Ի՞նչ է նշանակում տեսանելի միջազգային մեխանիզմ, եւ դա արդյո՞ք տարբերվում է ոչ տեսանելի մեխանիզմից: Լրագրողի այս հարցին պատասխանելով` Հայկ Մամիջանյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը, դա արվում է նույնիսկ Նախիջեւանի պարագայում, ինչը միջազգային պայմանագրերի խախտում է:

«Էական չէ, թե ինչպես է դա ձեւակերպվում. տեսանելի, ոչ տեսանելի: Այս պահին ընթացող բանակցությունները ղարաբաղյան կողմը մեկնաբանում է որպես հրատապ հումանիտար խնդիրների լուծման բանակցություն, Ադրբեջանը` որպես էթնիկ միավորի հետ շփում: Այ դա է մեծագույն պրոբլեմ: Եվ այն տրամաբանությունը, որով գնում է այս պահին ընդհանուր բանակցային ճարտարապետությունը, հենց դրան է բերելու»,- ընդգծել է պատգամավորը` հավելելով, թե երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքի մասին, պետք է հասկանալ, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը: Արձագանքելով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք ռեալ չէ՞ միջազգային որեւէ մեխանիզմի ստեղծումը, որով կարող է ապահովվել Արցախի բնակիչների անվտանգությունը, Հայկ Մամիջանյանը նշել է. «Ռեալ համարում եմ. Արցախում բնակվող յուրաքանչյուր հայի կողքին` մեկ զինված խաղաղապահ: Իմանալով հարեւան պետության առավելապաշտական նկրտումները` կարծում եմ` դահլիճում ներկաներն էլ են դա գիտակցում, դա միակ հնարավորությունն է, որ Արցախի քաղաքացիներն անվտանգ լինեն: Իսկ այդպիսի բան որեւէ պայմանագրով նախատեսված չի լինի»:

Հայկ Մամիջանյանը նաեւ տեղեկացրել է, որ «Եվրանեսթի» շրջանակում հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում` հավանաբար աշնանը: Պատգամավորի խոսքով Բաքու մեկնելու իր հնարավորության պարագայում անելու է ամեն բան, որպեսզի հանդիպի Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին:

Այս հարցի հետ կապված խմբակցության ղեկավարը դեռեւս մեկ տարի առաջ էր նամակով դիմել Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին:

Ճեպազրույցը տեղի է ունեցել մարտի 2-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել