Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում նոր հաղորդումներ ստացվեցին։ Հայտնում էին, որ Կիևյան փողոցում մի տղամարդ «Օպելն» անկանոն է վարում, վրաերթի ենթարկված անձինք կան։ Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. վրաերթի ենթարկված 25 և 90 տարեկան երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Կիևյան փողոցի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյել ու ծեծել իրար։ Մասնակիցներից 26-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակից կրակել էր, ապա նստել «Օպելն» ու սկսել անկանոն վարել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով երկու կանանց, նաև բախվել էր մի «Մերսեդեսի»։ Ըստ տեղեկությունների՝ նա վարելիս ևս ատրճանակից կրակել էր։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։
Հանգամանքները պարզվում են Արաբկիրի քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: