Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպումով, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն:
Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարևոր չեն ցանկությունների մասին հայտարարությունները, որքան բուն գործընթացն իր բովանդակությամբ և իր հետ բերող հետևանքներով:
Համենայդեպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով և «հերոսաբար» դրա վերաբերյալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցության և համագործակցության լայն դաշտ է ձևավորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:
Դե դուք հայտարարեք, որ նման ցանկություն չունեք:
Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկա խնդիրների հաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարությունը բերելու է նրան, որ մի կետից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու, որովհետև պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է և նրա առաջ քաշած օրակարգով:
Ինչ վերաբերվում է վերջին հանդիպումներում արցախյան կողմը ներկայացնող գլխավոր անձին` ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, նրա ներկայությունը վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, ապա վերջինս չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառություն չունի, սակայն կոփված տղա է, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն և անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:
Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերևից իջեցվող այն քաղաքականությունն ու որոշումները, որը նրա` որպես բանակցողի, աշխատանքային մոտեցումներում են դրվում:
Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել»,-նշել է նա:
Լուսանկարում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանն է։