Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանը կարձագանքի Հաագայի դատարանի որոշումները չկատարելու Ադրբեջանի քայլին, պատասխանեց․ «Միանշանակ, այդ փաստը մեր կողմից օգտագործվելու է բոլոր ատյաններում և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ կլինի, առնվազն խոստանում եմ, որ նրանք դրանից երջանիկ չեն լինի»։

Նա դժվարացավ մեկնաբանել Ալիևի այն հատարարությունը, ըստ որի՝ 2023 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների համար բեկումնային են լինելու, քանի որ վերջինս տարբեր բաներ է ասում, երբեմն՝ իրարամերժ․ «Ես դժվարանում եմ մեկնաբանել իր ասածները, նույնիսկ անշնորհակալ եմ համարում: Կարծում եմ, որ մենք մեր երկրի շահերն առաջ տանելու և մեր համար լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ պետք է մտածենք»։

Պատասխանելով հաջորդող հարցերին՝ նա հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի որոշ կետերի մասով կոնսենսուս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չբացահայտեց դրանք՝ նշելով, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն են:

Ալեն Սիմոնյանի պատկերացմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը, իսկ Հայաստանի սկզբունքային գիծն այն է, որ դրանում պատերազմի ականներ չլինեն: Պատասխանելով հարցին, թե որ պետությունը կարող է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն կողմը, որը կկարողան այն իրականացնել հողի վրա:

«Ենթադրենք, որ եթե ինչ-որ երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, ապա այդ համաձայնագիրն ուժ չի ունենա… Հիմա ձևական բան կնքել, հետո ասել, չի գործո՞ւմ… Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ ՀՀ ընդդիմության գործողությունները վերջին ժամանակահատվածում վերաբերել են միայն սահմանին տեղի ունեցող սրացումներին։ Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով փողոցային պայքար վերսկսելու ընդդիմության պլաններին՝ Սիմոնյանն ասաց. «Այսօր այդ բառապաշարը սպառված է և նույն բառապաշարով փողոց վերադառնալ անիմաստ եմ համարում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել