Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք կար արտաքին ճնշում, մասնավորապես՝ Ադրբեջանից, իրեն պաշտոնից ազատելու կապակցությամբ:
«Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդ կարող է հայրենասեր լինել և գալ իր երկիր, սիրել ու մտահոգվել այն ամենով, ինչ կատարվում է Արցախում: Եվ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մարդիկ դեռ ապրում այս դավադիր տեսությունների տիրույթում»:
Անդրադառնալով Ադրբեջանի գործոնին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ:
«Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց՝ իր գալու նպատակը Արցախի և Ադրբեջանի երկխոսությունը նորմալ հուն տեղափոխելն էր, բայց այն վերածվեց մերժման. «Դե, դա իրենց որոշում է»:
Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատելու, Վարդանյանը նշեց՝ կարծում է, որ սա սխալ որոշում է: «Եթե ես օգնեցի իմ գործողություններով, շատ լավ է: Եթե ես խանգարում եմ, պետք է գնամ: Սա է նախագահի որոշումը»։