ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերի և ուսումնական այլ նյութերի գործածության երաշխավորելու կարգը։
Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանը ուժի մեջ է մտնում փետրվարի 21-ին։
Կարգ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից (այսուհետ` Հաստատություն) օգտագործվող դասագրքերի, ձեռնարկների` ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, շտեմարանների, թեստերի, վարժությունների և խնդիրների ժողովածուների, քրեստոմատիաների, ինչպես նաև մանկական և դպրոցական գրականության (այսուհետ` Ուսումնական նյութ) փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված հարաբերությունները:
2. Դասագրքերի ստեղծումը և փորձաքննությունը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Ուսումնական նյութի փորձաքննությունը՝
1) նախադպրոցական կրթության ոլորտում յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական և նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց է,
2) հանրակրթության ոլորտում Ուսումնական նյութի` հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) վերլուծության գործընթաց է, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:
4. Փորձաքննության ներկայացված աշխատանքն Ուսումնական նյութի որևէ տեսակին համապատասխանությունը որոշելիս` հիմք են ընդունվում հանրակրթության, այդ թվում` նախադպրոցական կրթության բովանդակությունը, ուսուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերը, մանկավարժական, գիտական գրականության մեջ ընդունված սահմանումները, հասկացությունները, ձևակերպումները և սույն կարգի դրույթները:
5. Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն են.
1) Ուսումնական նյութը պետք է համապատասխանի հանրակրթության, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին,
2) Ուսումնական նյութը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործվեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
3) Ուսումնական նյութի մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,
4) Ուսումնական նյութը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
5) սովորողներին ուղղված Ուսումնական նյութը պետք է լինի մատչելի՝ համապատասխանելով տվյալ տարիքի սովորողի լեզվամտածողությանը, խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառի և՛ պարզ, և՛ բարդ օրինակներ, վարժություններ՝ ըստ անհրաժեշտության,
6) մանկավարժական աշխատողներին ուղղված Ուսումնական նյութը պետք է համապատասխանի նրանց մասնագիտական զարգացման կարիքներին,
7) Ուսումնական նյութի մեջ պետք է ըստ անհրաժեշտության օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային, խաղային, հանելուկային, բեմականացման և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով անհարկի կրկնություններից:
6. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված Ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ հանրակրթության, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն, մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
7. Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների, հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և ըստ անհրաժեշտության ՀՀ գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
8. Նախարարությունը կարող է Ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` սույն կարգի պահանջներին համապատասխան:
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
9. Սույն կարգի 1-ին կետում թվարկված Ուսումնական նյութի տեսակները ԿԶՆԱԿ (իսկ սույն կարգի 8-րդ կետի դեպքում՝ այլ կազմակերպություն) փորձաքննության են ներկայացվում հեղինակի (հեղինակների), հրատարակչի, պետական պատվերով նախատեսվածների դեպքում` Նախարարության (այսուհետ` Պատվիրատու) կողմից:
10. Փորձաքննությունը վճարովի է (բացառությամբ Նախարարության կողմից ներկայացվածի), 1 մամուլի համար՝ 15000 ՀՀ դրամ:
11. Աշխատանքը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) Պատվիրատուից ստանալուց հետո ԿԶՆԱԿ-ը (իսկ սույն կարգի 8-րդ կետի դեպքում՝ այլ կազմակերպություն) 30-օրյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով` այդ մասին տեղեկացնելով Պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները և ժամկետը:
12. Փորձագիտական եզրակացությունը Պատվիրատուի կողմից ներկայացվում է Նախարարություն, բացառությամբ պետական պատվերով նախատեսվածների, որոնք Նախարարություն են ներկայացվում ԿԶՆԱԿ-ի (իսկ սույն կարգի 8-րդ կետի դեպքում՝ այլ կազմակերպության) կողմից:
13. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում փորձաքննությունն ավարտելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, փորձագիտական եզրակացությունն ուղարկվում է Պատվիրատուին: Բացասական եզրակացության դեպքում կցվում է նաև հիմնավորումը:
14. Պետական պատվերով ներկայացված Ուսումնական նյութի փորձագիտական բացասական եզրակացությունն ստանալուց հետո Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է հեղինակին` կցելով փորձագիտական եզրակացությունը:
15. Փորձագիտական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում Պատվիրատուն այն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կարող է դիմել փորձաքննությունն իրականացնող կազմակերպություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով՝ սույն կարգի պահանջներին համաձայն:
16. Դասագրքերը երաշխավորված են համարվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանով սահմանված փորձաքննության բովանդակային գնահատման փուլն անցնելու դեպքում, որոնք Հաստատություններում կարող են օգտագործվել որպես ուսումնաօժանդակ նյութ:
17. Փորձագիտական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ներկայացված Ուսումնական նյութը հրամանով երաշխավորում է գործածության: