Մեկ անձ ձերբակալվել է փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«2023թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ։
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 2֊րդ, 3֊րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին և 524 հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ և 3֊րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են»,- ասվում է գրառման մեջ։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: