Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի․ ԱԺ

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Փոխնախարարի տեղեկացմամբ անցած ավելի քան 3 տասնամյակների ընթացքում երկու երկրների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնք էապես նպաստել են մի շարք բնագավառներում առկա փոխգործակցության խորացմանը:

Քննարկվող համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության եւ այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար: Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել