Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրումը կկազմակերպվի թափանցիկ և մասնակցային եղանակով․ ՆԳՆ

Հաշվի առնելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի առկայությունը, ինչպես նաև վերջինիս ընտրության և նշանակման գործընթացը թափանցիկ և հաշվետու եղանակով կազմակերպելու կարևորությունը՝ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ թեկնածուի ընտրությունը կատարվելու է հետևյալ ձևաչափով՝

– Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելու է խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողով՝ բաղկացած պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից,

– դիտորդի կարգավիճակով հրավիրվելու են միջազգային գործընկերներ կառույցների ներկայացուցիչները։
Խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը խորհրդատվական եզրակացություն է ներկայացնելու Ներքին գործերի նախարարին՝ աջակցելով համապատասխան պաշտոնի համալրման գործընթացը թափանցիկ և մասնակցային եղանակով կազմակերպելուն։
Տեղեկացնում ենք, որ խորհրդակցական հանձնաժողովում կընդգրկվեն 2 հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ, որոնք՝

– իրենց գործունեությունը ծավալում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտներում,

– վերջին հինգ տարվա ընթացքում ունեն նշված ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ։

Հասարակական կազմակերպությունների թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ցանկություն հայտնող հասարակական կազմակերպությունները կարող են 2023թ. փետրվարի 24-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Խորհրդակցական հանձնաժողովի կազմը կհրապարակվի կազմի հստակեցումից անմիջապես հետո։

Նշենք, որ ձևաչափը գործում է համապատասխան պաշտոնի համալրման շրջանակներում՝ մինչև ՆԳՆ ենթակա պետական մարմիններում պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման համար օրենսդրական հիմքերի լավարկումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել