Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև և ես իրավունք ունեմ իմ հարցերը հնչեցնել մինչև վերջ․ Զարուհի Նախշքարյան

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ փետրվարի 21-ին, ընթանում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով նիստը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ինքնաբացարակ ներկայացրեց, որը բավարարվեց։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդությունը։

«Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատավորի կողմից տրված համապատասխան հարցազրույցները, նաև Facebook սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումները։ Դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդող օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։ Գտնում ենք, որ դատավորի կողմից կատարված խախտումները դրսևորվել են հետևյալում․ դատավորն առանձնացրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որպես կարգապահական  տույժի տեսակ նշանակելուն կամ կողմ քվեարկած ԲԴԽ անդամներին մնացյալից առանձնացնելուն՝ ընդգծելով հենց նրանց իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը՝ Facebook սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ նշելով․ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու ո՛չ Փիլոսյանը, ո՛չ հասարակությունը, դուք»»,-նշեց նախարարության ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ դատավորը ներկայացրել է իր կարծիքն առ այն, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ առկա է դատարանների գերծանրաբեռնվածության խնդիր։

«Կայացված որոշումը որպես հիմք ընդունելով, պետության կողմից ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավոր Նախշքարյանը գնահատել է, որպես միտում՝ դատավորներին ԲԴԽ-ի առաջ պատասխանատվության կանգնեցնելու  նպատակով։ Դատավորը ԲԴԽ որոշումը գնահատել է, որպես անակնկալ որոշում և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից»,-ասաց նա։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին հարց ուղղեց դատավոր Զարուհի Նախշքարյանը։

«Ինչն է պատճառը, որ դուք ֆեյսբուքյան տարբեր գրառումներ և տարբեր հարցազրույցներ ծաղկաքաղ եք արել և փորձում եք այն մատուցել ձեր նախընտրելի սոուսով, եթե դուք ընդունում եք այդ կանոնը, նշանակում է մենք ևս կարող ենք այդ գործիքից օգտվել»,-ասաց Նախշքարյանը։

Դատավորի հարցին ի պատասխան Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ օգտվեք։

«Չորս դրվագներում, որոնք տարբեր ժամանակներում և տարբեր հարթակներում են կատարվել ո՞րն է պարսավելի և կոնկրետ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող։ Խնդրում եմ՝ այդ դրվագներից յուրաքանչյուրին անդրադառնալ և պարզաբանել, ո՞րն է պարսավելի հատվածը»,-նշեց դատավոր Նախշքարյանը։

«Առաջին դրվագի հետ կապված մենք գտնում ենք, որ առհասարակ գործի քննության արդար իրականացումը կասկածի տակ է դրվել, դեռևս քննվող գործի, որ դուք հստակ առանձնացրել եք, նշել եք դատավորի տրամադրվածության հանգամանքը ու կոչ եք արել մարդկանց՝ գնահատելու մեղադրանքի արդարացիությունը, այսինքն դրանով դուք անուղղակիորեն ցույց եք տվել, որ ձեր գնահատմամբ տվյալ դատական ակտը արդարացի չի։ Մենք նշել ենք, որ հասարակական ընկալման տեսանկյունից ձեր կատարած արտահայտությունը այլ կերպ է ընկալվել, որ դատավորն ահազանգում է անարդար վճռի կայացման մասին։ Երկրորդ դրվագի հետ կապված՝ Facebook սոցիալական կայքում արված գրառմամբ ձեր անհամաձայնությունն եք արտահայտել ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշմանը, որի իրավունքը դուք բնականաբար չունեիք»,-նշեց ԱՆ ներկայացուցիչը։

Նրան ընդհատեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ նշելով, որ դատավոր Նախշքարյանը խնդրել էր նշել այն բառը, որը ցույց է տալիս իր նա անհամաձայնություն է հայտնել ԲԴԽ որոշմանը։

ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ հնարավոր չէ առանձնացնել մեկ բառ և ասել, որ հենց այս բառն է, որ կասկածի տակ է դրել ԲԴԽ որոշումը․ «Ամբողջ կոնտեքստն է, որը մենք ներկայացրել ենք»։

«Ամենայն հարգանքով պարոն Մինասյանի հանդեպ, բայց մենք այստեղ պետք է գտնենք փաստական տվյալ, որտե՞ղ է այդ փաստական տվյալը։ Ես խնդրում եմ՝ բացատրել, բացահայտել, խնդրահարույց բառը ի՞նչ կերպ է ընկալել հարգելի պարոն Մինասյանը այս որոշումը կայացնելիս»,-ասաց դատավոր Նախշքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել