Կսահմանվի ԱՁ-ների կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը․ ՊԵԿ նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հարկային հաշվառման նպատակով սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի համաձայն կարգը կսահմանվի հետևյալ տեսաքով․  

1․ Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման հետ կապված հարաբերությունները։

2․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարումը պարտադիր է հարկման ընդհանուր  և հատուկ համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար։

3․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը՝ անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով։

4․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման գրանցումները կատարվում են հաշվարկային փաստաթղթերի և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործարքների և գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը։

5․  Սույն կարգի կիրառության իմաստով ակտիվներ և պարտավորություններ են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակտիվները և պարտավորությունները։

6.Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարվում է անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման միջոցով։

Անալիտիկ (վերլուծական) հաշվառում է համարվում առանձին միավոր ակտիվի և առանձին միավոր պարտավորության սկզբնական (հաշվեկշռային արժեքի) հաշվարկման միջոցով հաշվառման վարումը` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները։

Սինթետիկ (ընդհանրացված) հաշվառում է համարվում անալիտիկ (վերլուծական) հաշվառման հիման վրա ակտիվների և պարտավորությունների խմբերի ընդհանրացված հաշվառումը՝ արտացոլելով հետագա փոփոխությունները։

7․ Ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են  սկզբնական արժեքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վերագնահատման դեպքերի։

8․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը որպես անհատ ձեռնարկատիրոջ ակտիվներ և պարտավորություններ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու հանգամանքը։

Նախատեսվել է նաև, որ կարգը կտարածվի  2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել