Թուրքիայում գրանցված նոր երկրաշարժերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, գրեթե 300-ը՝ վիրավորվել

Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են նաև այլ երկրներում։ Կան զոհեր և ավերածություններ։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, գրեթե 300-ը՝ վիրավորվել։

Հաթայի շրջանի ղեկավարը հայտնել է, որ կան տուժածներ, որոնք գտնվում են փլատակներում։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Հաթայ նահանգում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով տուժել է 294 մարդ, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հետևել են հազարավոր հետցնցումներ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել