Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ին ժամը 23-ի սահմաններում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեքենա պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քննությամբ պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց:
Iravaban.net-ը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի հետ կապված ևս մեկ դեպք է գրանցված եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված ավտոմեքենայի սեփականատերը՝ Արարատի մարզի բնակիչ Ա․ Սայադյանը տուժող է ճանաչվել։
Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերի 30-ին դատարան ստացված քրեական գործի համաձայն՝ Արմեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ տեղեկանալով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման մասնակիցների կողմից Էջմիածին քաղաքում կազմակերպված ավտոերթի մասին, 2018թ. դեկտեմբերի 15-ին ժամը 14:30-ի սահմաններում, ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի, գնացել է Էջմիածին քաղաքի հրապարակ։
Լսելով կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից Ա․ Սայադյանին պատկանող HUMMER H3 ավտոմեքենայի վրա տեղադրված բարձրախոսներից կաթողիկոսի հասցեին հնչող անվայելուչ կոչերը, գետնից վերցնելով քարի կտորը դիտավորությամբ նետել է HUMMER H3 ավտոմեքենայի ուղղությամբ, որը դիպել է ավտոմեքենայի հետևի աջ կողմին՝ դիտավորյալ կոտրելով հետևի երկու կանգմիասնական լապտերների պլաստմասե ճաղավանդակ-երեսպատոցներ, հետևի աջ կանգնակի վրայի պլաստմասե հարթակ և առջևի ձախ դռան վրայի քամուց պաշտպանող հարթակը` Ա․ Սայադյանին պատճառելով զգալի չափի 78.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
Դատավոր Հրաչյա Մեխակյանի որոշմամբ 2021 թվականի ապրիլի 22-ին ամբաստանյալ Արման Սուրիկի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, քրեական գործի վարույթը կարճվել է։
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երևան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի – 10․02․23թ․
@