Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին iravaban.net-ին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Դատախազական հսկողությամբ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Նախարարության հաշվեկշռում ընդգրկված վերը նշված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ, ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: