Երևան քաղաքի ավագանին փետրվարի 14-ին կգումարի 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստին որոշումներ կընդունվեն Երևանի մի քանի փողոցների անվանակոչման մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ կքննարկվի Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցը հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց» անվանակոչելու հարցը։ Նախագիծը նեկայացրել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արման Անտոնյանն ու Հայկ Միրզոյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց տասնյակ տարիներ։ 55 տարի խաղացել է Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է:
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թվականին Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։ Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի: Շուրջ 60 տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում, 150-ից ավելի դերակատարումներ:
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների, բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թվականին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2014 թվականի մայիսի 12-ին։
Հ.Գ. Խորհրդանշական է, որ անվանակոչվող Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցի զուգահեռ փողոցը կրում է իր երկարամյա գորընկերոջ ու խաղընկեր Կարպ Խաչվանքյանի անունը: