Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր համար «ծիծաղելի է», երբ իրեն մեղադրում են օրենքը խախտելու մեջ՝ պետական պաշտոններում մերձավոր ազգականների նշանակման պատճառով, փոխանցում է Meduza-ն։
Նա այսպես է արձագանքել «Կադիրովների դինաստիայի մասին» ForPost-ի նյութին, որտեղ, ի թիվս այլոց, նշվում է Չեչնիայի ղեկավարի 26-ամյա եղբորորդու՝ Խամզաթ Կադիրովի Գույքի և հողերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին։ Հոդվածում պարբերականը վկայակոչում է սոցիոլոգ Աննա Օչկինայի և քաղաքագետ Յուրի Սամոնկինի կարծիքը, ինչպես նաև «Պետական քաղաքացիական ծառայության մասին» դաշնային օրենքի 16-րդ հոդվածը, համաձայն որի մերձավոր ազգականին չի թույլատրվում աշխատանքի ընդունել, եթե մեկը մյուսին ենթակա է։
«Օչկինի և Սամոնկինի նմանների կոմպետենտությունը գրոշի արժեք չունի։ Լսեք նրանց սարսափ պատմությունները, այնպես որ ամբողջ հանրապետությունը կքանդվի այն պատճառով, որ տարածաշրջանի հարյուր հազարավոր աշխատակիցների մեջ կան իմ մերձավոր ազգականներից մի քանիսը։ Ինձ մի ծիծաղեցրեք։ Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ 2018 թվականին BBC-ի ռուսական ծառայությունը գնահատել է, որ Չեչնիայում 158 բարձրաստիճան պաշտոնյաներից 30%-ը Ռամզան Կադիրովի հարազատներն են, 23%-ը՝ համագյուղացիներ, ևս 12%-ը՝ Չեչնիայի ղեկավարի ընկերներն ու նրանց հարազատները։ 2021 թվականին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատը, դարձավ հանրապետության մշակույթի նախարար։ Այս պաշտոնում նշանակվելու պահին նա 22 տարեկան էր։