Որո՞նք են սեռական և վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները

Վերարտադրողական առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակն է՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ:

«Մարդու վերարտադրողական առողջության պահպանման և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական հետևյալ իրավունքները.

1) ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությանը.

2) ընտանիք կազմել, ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելու ժամկետները և այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ու արդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն.

3) պաշտպանված լինել ճնշման բոլոր ձևերից, այդ թվում՝ սեռական շահագործումից և բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից և վերարտադրողականության իրավունքների այլ խախտումներից.

4) ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ, այդ թվում՝ պտղաբերության կարգավորման առկա մեթոդների առավելությունների, արդյունավետության և հնարավոր վտանգների վերաբերյալ.

5) ստանալ բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում.

6) օգտվել բարձրորակ բուժկանխարգելիչ ծառայություններից և պաշտպանված լինել առողջության համար վտանգ ներկայացնող մեթոդների, այդ թվում՝ գիտական փորձերի կիրառումից.

7) ինքնուրույն որոշումներ կայացնել սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված բժշկական միջամտություններ ստանալիս, բացառությամբ կյանքին սպառնացող շտապ միջամտություն պահանջող իրավիճակների և օրենքով նախատեսված այլ դեպքերի.

8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից (ներառյալ՝ պտղաբերության կարգավորման և անպտղության բուժման ապահով և արդյունավետ մեթոդները):

Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված՝ կենսական անհրաժեշտության սեռական ևվերարտադրողական այլ իրավունքներ:

Հասարակական անվտանգության, հանրային առողջության և բարքերի, այլոց իրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները կարող են սահմանափակվել սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել