Հայտնի է, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատություն:
Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները, որպես կանոն, կատարում կամ դրանց մասնակցում են դրանց համար հատուկ հատկացված սենյակներում:
Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում օրենսդրության կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:
Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում կարող են կրոնական ծիսակատարությունները կատարել կամ դրանց մասնակցել` դրանց համար նախատեսված վայրերում:
Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ, հանձնուքներով ստանալ, ձեռք բերել, իրենց մոտ պահել կրոնական գրականություն, կրոնական պաշտամունքի առարկաներ` բացառությամբ ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող կամ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված կամ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրերի, և օգտվել դրանցից:
Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել կրոնական միջոցառումներ:
Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հոգևոր օգնություն ցույց տալու համար` կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջոցներով, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ: