2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հոգեբանները, գիտնականները սկսեցին առավել շատ մտածել` ինչպես կանխել ահաբեկչությունը: Հոգեբանների աջակցությամբ ստեղծվել է մի սարք, որը սկանավորում է մարդու մտքերը մարդաշատ վայրերում:
Եկել է ժամանակը, որ ինքնաթիռ նստելու ժամանակ ոչ միայն ստուգեն` ինչ է առկա ուղևորների մոտ, այլ նաև` ինչ մտքեր ունեն նրանք:
Սարքը հիմնականում գործում է երեք համակարգերով:
Առաջինը` հատուկ ազդակների համակարգ, երկրորդը` գաղտնի սենսոր նկարահանում, որը ֆիքսում է մարդու հայացքը այդ ազդակների նկատմամբ, երրորդը` ֆիքսելուց հետո նման մարդկանց հետևում են հատուկ ծառայության աշխատակիցները` այլ եղանակով կասկածները ստուգելու համար:
‹‹Իրականում այդ սարքի գործողությունն առանձնահատուկ խորհրդավորությամբ պայմանավորված չէ: Այն գործում է հետևյալ մեխանիզմով. մարդ որևէ կարևոր գործողություն անելուց առաջ սկսում է մտածել այդ գործողության մասին: Երբ մտքերը զբաղված են այդ X գործողությամբ, մարդ իր շուրջ ոչինչ չի նկատում, բացի այդ X գործողության հետ ասոցացվող ինչ-որ մի բանի հետ, օրինակ ծարավ մարդը կնկատի անգամ չնկատվող տեղում գտնվող հյութի գովազդը: Մինչդեռ այն մարդը, ով ծարավ չէ` չի նկատի››,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` այս սարքը աշխատելու է գրեթե նույն մեխանիզմով: Գաղտնի տեղադրվելու են ազդակներ, օրինակ` ահաբեկչի նկար, որը երևալու է 25 կադրի մեխանիզմով, և ով կնկատի այն ոչ պատահական, ապա սարքը կֆիքսի իրեն:
Ինչևէ, ահաբեկիչների մեջ նույնպես կգտվեն խելացի հոգեբաններ, ովքեր կկարողանան չենթարկվել այդ ազդակներին:
Այնուամենայնիվ, սարքի գործելու ամբողջական մեխանիզմները հայտնի չեն: