Հրդեհը չվերահսկվող այրումն է, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը:
Հրդեհային անվտանգության միջոցները հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված,այդ թվում՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ են:
ՀՀ վարչական և ՀՀ քրեական օրենսգրքերը պատասխանատվություն են նախատեսում hրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝
«Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով»:
ՀՀ քրեական օրենսգիրքի 232-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն հրդեհայն անվտանգության կանոնները խախտելու համար հետևյալ դեպքում:
«1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»: