Ճանապարհելով 2022 թվականը բոլորս մտովի վերլուծում ենք, թե ինչ արդյունքներով ենք փակում տարին, և թե ինչ իրադարձություններով է հիշվելու այն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
«Ջերմուկում իրականցվող բազմաթիվ ծրագրեր 2022թ․ սեպտեմբերին ընդհատվեցին՝ խաղաղ քաղաքի ռմբակոծությամբ, ինչի հետևանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ զբոսաշրջային կենտրոն համարվող քաղաք-առողջարանը, որը հայտնի և սիրելի է իր բուժիչ ջրով ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս, դարձավ աշխարհի ուշադրությունը գրավող տարածք՝ ցավոք ոչ որպես առողջարան, այլ որպես ռմբակոծության թիրախ։
Այնուամենայնիվ ջերմուկցին հաղթահարեց այս դժվարությունը ևս։ Շարունակվեցին տարեսկզբին իրականացվող տարաբնույթ ծրագրերը, որոնց մի մասը կիրականցվեն նաև գալիք տարի գումարած բազմաթիվ նոր նախագծեր ու նպատակներ։
Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս, իսկ առանձնահատուկ՝ ջերմուկցիներին, մաղթելով, որ բոլոր փորձություններն ու անհաջողությունները մնան անցնող տարում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր երկրի սահմանները պահող քաջ զինվորին՝ ով ամուր կանգնած է առաջնագծում, և ում շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք այսօր նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Թո՛ղ 2023-ը մեր քաղաքի, մեր երկրի համար դառնա առաջընթացի և ձեռքբերումների տարի՝ խաղաղ երկնքի ներքո․․․
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշել է նա։