Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները հունվարի 7-ին ուժի մեջ է մտնում․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 7-ին (պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական):

«Օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորի թափուր հաստիքներ՝ հետևաբար, համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր հաստիքներում նշանակվելու համար իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացվում է, որ դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն:

Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն հեռ՝ (010) 511-786»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել