«Հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ, այն է՝ ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն, բայց այն չի նշանակում, որ կառավարության այս շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից»,-կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ անթուլատրելի է, երբ 120 հազար մարդ շրջափակման մեջ գտնվելու պայմաններում իշխանությունները հայտարարեն, որ իրենք պատասխանատվություն չունեն:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել և պատասխանատում է 120 հազար հայի ճակատագրի համար, հետևաբար պետք է իրեն պարբերաբար հիշեցնել, որ այդ խնդիրները լուծի:
«Չեն կարող շարունակաբար ասել, որ մեղավոր են ռուսները, արցախցիները, նախկինները, ընդդիմադիրները և խուսափեն իրենց բուն պարտականության կատարումից»,-ասաց Սաղաթելյանը և կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները փորձում են հրաժարվել իրենց հիմնական գործառույթից՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանումից:
Անդրադառնալով դիտարկմանը, թե արտաքին ուժերը ճնշում են գործող իշխանություններին, ստիպում մտնել միութենական պետության մեջ՝ բանախոսն ասաց. «Երբ որ փալաս ես, բոլորն էլ կարան ճնշել: Թող հստակ ասեն, թե ո՞ւմ և ե՞րբ են ճնշել, այն դեպքում, երբ ՌԴ-ից եղավ շատ հստակ արձագանք: Դժբախտություն է, երբ քո երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարին ասում են սադրիչ է: եթե նման բան եղել է, թող անուններ ասեն, մենք էլ տեսնենք, թե որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, հարց, թե՞ որոշ արևմտամետ երկրի գործակալներ փորձում են երկրում տրամադրություններ ստեղծել»:
Նա ասաց, որ ընդունելի է, որ Արցախի շրջափակման պայմաններում ՀՀ ԱԳ նախարարը չգնաց Մոսկվա խաղաղության պայմանագրի քննարկմանը, բայց այլ հարց է, որ կարող էր գնալ և այդ հարթակը օգտագործեր Արցախի շրջափակման խնդիրը բարձրացնելու նպատակով, իսկ ընդդիմությունը գտնում է, որ ցեղասպան քաղաքականություն վարող Ադրբեջանի հետ չի կարելի գնալ խաղաղության պայմանագրի կնքման:
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև հնչող մեղադրանքներին, թե ընդդիմությունը աշխատում է ալիևի հետ, քանի որ բերձորի միջանցքի փակ լինելու պաշմաններում հանրահավաք է կազմակերպում ՀՀ կառավարության դիմաց՝ ասելով. «Ալիևի հետ աշխատել է Նիկոլը, իր ընտանիքը և ՔՊ-ն՝ վերջին երկու տարվա մեջ և ոչ միայն աշխատել են այլև անձամբ սպասարկում են Ալիևի և Էրդողանի շահերը: Երկիրն այս վիճակին հասցրել են իրենք և ճանապարհը համատեղ փակել են Ալիևն ու Նիկոլը՝ իր գործողությունների արդյունքում: Այն եղել է, երբ հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է: Անբնական եմ համարում, որ այսօր կառավարության դիմաց տասնյակ հազարավոր մարդիկ չեն հավաքվել: Եթե կուզեք իմանալ՝ պետք է գալ ոչ թե պլակատներով, այլ քարերով: Կա՛մ ապահովեք երկրի տարածքային ամբողջականությունը և պաշտպանությունը, կա՛մ ռադներդ քաշեք՝ կգանք, կանենք: Այս երկրում կան մարդիկ, որոնք ի վիճակի են այն անելու, ովքեր պատրաս են ծառայել հայ ժողովրդին, Հայաստանին, այլ ոչ թե թուրքին ու ադրբեջանցուն»: