Պահեստազորայինների վարժական նոր հավաքներ կանցկացվեն

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Վարչապետի որոշման նախագծում ասվում է․

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

      1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով,

      2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով,

       3) վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.

      ա. 2023 թվականի մարտի 1 – 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      բ. 2023 թվականի մարտի 7 – 31-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      գ. 2023 թվականի մարտի 22–ից ապրիլի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      դ. 2023 թվականի ապրիլի 4 – 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 33-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      ե. 2023 թվականի ապրիլի 11-ից մայիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      զ. 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել մինչև 306 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու­թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանս­պորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով:

Նշված է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել