Նկատի ունենալով մամուլով իմ անվան հետ կապված՝ ծայրահեղ անհեթեթ հրապարակումները, ստիպված եմ շեղվել «ոչ մասնագիտական թեմաներով հրապարակումներին չարձագանքելու» իմ սկզբունքից։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ասեմ շատ կարճ ու հստակ․ անձնական (ընտանեկան) դաշտ մտնելու կանոններով երբեք չեմ ապրել, առավել ևս երբ խոսքը վերաբերում է կնոջը։
Ասելիք ունենալու դեպքում խոսում եմ (պատրաստ եմ խոսել) ուղիղ ու անմիջական հասցեատիրոջ հետ։
Աննա Փիլոսյանի դեմ վարույթ հարուցելու գործընթացները ուղղակի կամ անուղղակի իմ հետ կապելը պարզապես դուրս է նվազագույն բարոյական մարդու՝ իմ ունեցած ընկալումից։
Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը (անհամաչափ տույժի նշանակումը) խիստ անընդունելի է և, իմ համոզմամբ, պայմանավորված է բացառապես նրա ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի ակտիվ հասարակական և իրավապաշտպան գործունեությամբ։
Վերահաստատում եմ, որ փաստաբան Գայանե Պապոյանը իմ ընկերն է. մշտապես եղել եմ ու կլինեմ ընկերներիս կողքին։
Այս թեման իմ համար ՀԱՆՐԱՅԻՆ տիրույթում այլևս փակ է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 26-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Դատավոր Փիլոսյանը 4 քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ, խորհրդի գնահատմամբ՝ համարվել է էական խախտում։
ԲԴԽ 9 անդամներից հարցի քննությանը մասնակցել է միայն 8-ը։ Որոշումն ընդունվել է միաձայն։ Սակայն խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանը դեմ են եղել նման պատասխանատվության միջոցի կիրառմանը։