ՀՀ իշխանությունների կողմից «Միութենական պետության» թեման դաշտ նետելը ակնհայտ ավանտյուրա է և վտանգավոր արկածախնդրություն: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Բազմիցս նշել եմ, որ ՀՀ ԱԽ քարտուղարը միմիայն վտանգներ է ստեղծել ՀՀ-ի համար իր հայտարարություններով: Մինչ օրս ադրբեջանական քարոզչադաշտն օգտագործում է ամռանն արված նրա այն հայտարարությունը, թե իբրև «Արցախում ՀՀ-ն զորք ունի ու մինչև սեպտեմբերին կհանի այնտեղից»: Դրանից հետո այս տարվա օգոստոսին այդ հայտարարության պարտվակով ադրբեջանական կողմը հարձակվեց Արցախի վրա և փոխեց Լաչինի միջանցքի ուղղությունը: Ունեցանք երկու զոհ, կորցրեցինք Սուս ու Աղավնո գյուղերը: Բայց նա, իհարկե, որևէ պատասխանատվություն չկրեց իր անհեթեթ հայտարարության համար, քանի որ Փաշինյանի հրահանգներն է կատարում: Սա ընդամենը որպես մեկ դրվագ եմ նշում:
Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում լուծումներ գտնելու անկարողությունը դրդում է ՀՀ իշխանություններին գնալ հերթական ավանտյուրաների, որի գինը վճարում են Արցախում ու ՀՀ-ում ապրող շարքային քաղաքացիները: Անկախ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքից՝ պետք է հավատարիմ մնալ տրամաբանությանը՝ ինչպե՞ս կարող է նման հարց լինել օրակարգում, երբ ՌԴ-ում ու Բելառուսը պատժամիջոցների տակ են, երբ ՌԴ վիճակը բարդ է Ուկրաինայում:
Պարզ տրամաբանությունն իսկ հուշում, թե որքան կեղծ է այս հայտարարությունը: Տրամաբանությունը, ցավոք, նաև հուշում է, թե որքան վտանգներ է այն իր մեջ պարունակում ՀՀ-ի համար: Ինքս բազմիցս վերլուծել ու քննադատել եմ ՌԴ քաղաքականությունը, հատկապես՝ ԱԳՆ մակարդակով արվող հայտարարությունները, արել եմ դա փաստերով: Ուստի վստահ եմ, որ «միութենական պետության» հետ կապված այդ հայտարարությունը հերթական անհեթեթ օրակարգը ստեղծելու նպատակն ունի (բայց ոչ միայն դա, այն ունի նաև վտանգավոր աշխարհաքաղաքական երանգ), քանի որ կարևոր հարցերի լուծման համար ունենք անկարող և անպետք իշխանություն, որոնք միայն ունակ են կեղծ հարցերով զբաղեցնել հանրային դաշտը: Ցավալի է, բայց շարունակաբար ապացուցվող փաստ է դարձել արդեն: Իսկ հայոց պետականության մասին մտածողները վաղուց հասկացած կլինեին, որ պետք է Ադրբեջանի դեմ պատերազմի պատրաստվել, ոչ թե Արցախը զիջենք ՀՀ-ն փրկենք քարոզը տանել 2021 թ. հունիսից ի վեր: Միշտ հիշե՛ք՝ Արցախը զիջողը, հետո ՀՀ-ն է մաս-մաս զիջելու»,-նշել է նա: