ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը:
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով»:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: