Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ այսպիսիք են.

«Ռուբեն Վարդանյանը սպառնացել է, որ եթե ուսուցիչներն ու բժիշկները չգան, նրանց կազատի աշխատանքից։ Նա վախեցրել է ուսանողներին։ Բաժանել է 30֊ից 40 դոլար յուրաքանչյուր մասնակցին, անվճար բենզին է բաժանել։ Ղարաբաղի բանակում եղածներին բերել են ցույցի և այլն»։

Հոկտեմբերի 31֊ի ցույցի ժամանակ ասում էին, որ Վարդանյանը մարդկանց ՀՀ-ից է բերել, նաև բենզին բաժանել։ Հիմա դա չեն կարող ասել, որովհետև շրջափակել են Արցախը։ Ինչպես հասկանում եմ մոտ 60.000 մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ուստի դա ավելի մարդաշատ է եղել, քան հոկտեմբերի հանրահավաքը։ Սա իրապես ուղերձ էր նախևառաջ Ադրբեջանին։ Վստահ եմ դեռ երկար են քննարկելու այս հանրահավաքը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղել աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի:

Կոչում մասնավորապես ասվում է.

«Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար;

Հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և խտրական քաղաքականությունը, որը նոր թափ է ստացել 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմից ու դրա թողած աղետաբեր հետևանքներից հետո, նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիային կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության բեմագիրը:

Իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988թվականին հենց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդյունքում մենք ունենք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հռչակված ինքնիշխան պետություն և նրա կենսունակությունն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ:

Այսօր, երբ վտանգված է համայն հայության երազանք Արցախի Հանրապետության լինելիությունը, մենք, խոնարհվելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակի առջև, վերանորոգում ենք մեր ուխտը` մեր սուրբ նահատակների գործը շարունակելու և մեր արժանապատվությունը վերականգնելու համար:

Շարունակվող պայքարի ընթացքում մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը: Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնության և արժանապատվության խորհրդանիշ: Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև, Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է միավորել համազգային ներուժը: Արցախի Հանրապետության ապագան համազգային նշանակության հարց է և պահանջում է համահայկական համախմբում ու համերաշխություն:

Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները:

Արցախի Հանրապետությունը` որպես միջազգային հիմնարար իրավունքների գերակայությամբ առաջնորդվող պետություն, շարունակելու է հավատարիմ մնալ համամարդկային արժեքներին և լինել կառուցողական: Ծավալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինեն ժամանակակից միջազգային հարաբերություններում: Արցախն աշխարհի քարտեզի վրա այն կետն է, որից, ինչպես 1988 թվականին, կարող է սկիզբ առնել 21-րդ դարի` բարոյական աշխարհակարգի ձևավորումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել