Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացվում է պետնախարարի խոսքն ամբողջությամբ.

«Ես կյանքում առաջին անգամ պետք է ելույթ ունենամ այսքան մարդու առջև։ Ազնվորեն ուզում եմ ասել, որ որոշել էի ելույթս ռուսերեն պատրաստել, քանի որ ինձ համար այդպես ավելի հեշտ է, բայց գտնվելով այս հրապարակում, ես հասկացա, որ դա անհնարին է։ Դրա համար առաջինը ես փորձելու եմ խոսել ի սրտե։ Ցավոք սրտի, շատ բառեր իմաստազրկվել են տարբեր պատճառներով, տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Ես ասելու եմ այն, ինչ իմ սրտում է։ Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ ձեզ հետ միասին այստեղ եմ գտնվում, դուք ինձ հիացնում եք։

Գիտեք, երբեմն ֆեյսբուքյան ուղիղ միացումներով պատմում եմ տարբեր պատմություններ։ Հիմա ուզում եմ ևս մեկ պատմություն պատմել։ Ամեն օր ընկերս զանգում հարցնում է՝ «ոնց ես», ասում եմ՝ «երջանիկ մարդ եմ», ասում է՝ «ես ամեն անգամ քեզ զանգելիս վատ եմ զգում ինձ, իսկ դու ասում ես՝ երջանիկ եմ»։ Այո՛, ես երջանիկ եմ, որովհետև ես իմ հայրենիքում եմ, իմ ժողովրդի կողքին, և մենք պահում ենք մեր արժանապատվությունը։ Ինքն ասում է՝ «ես հասկացա, այդ մենք ենք շրջափակման մեջ, դուք չեք»։ Ու դա ճիշտ է, իրենք են շրջափակման մեջ, որովհետև չեն տեսնում, թե ինչքան ենք մենք ուժեղ։ Մեզանից է գալիս այդ ուժը, ուրիշ ոչ մեկից չի գալու այդ ուժը։

Ես քսան տարի է՝ գալիս եմ Արցախ և վերջին 52 օրը պետնախարար եմ, 14 օր ղեկավարում եմ օպերատիվ շտաբի աշխատանքները։ Ես իսկապես հարգանքի և հպարտության զգացում եմ ապրում, որովհետև ես տեսնում եմ, որ մարդիկ պատրաստ են դիմանալ դժվարություններին, պատրաստ են պայքարելու, քանի որ ասում են՝ եթե մենք հավատում ենք մեր առաջնորդներին, մենք այս ամենում տեսնում ենք իմաստ, պատրաստ ենք պայքարելու։

Երեկ առավոտյան գնացել էի շուկա, մի տարիքով կնոջ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք, ասում է՝ դե ապրանք չկա, բանջարեղեն չկա։ Հարցնում եմ՝ ինչպես եք դիմանում։ Ասում է ՝ «տղա՛ ջան, 1990-ականներին իմ աղջիկը հղի էր, գնում էր մինչև կամուրջը ջուր բերելու։ Դիմանում էինք, հիմա էլ կդիմանանք, միայն թե հավատանք, որ մեզ չեն խաբելու, միայն թե հավատանք, որ մենք միասին ենք»։ Ես ձեզ հավատացնում եմ՝ մենք միասին ենք։

Գիտեք, այնպես է ստացվել, որ 1988-1992 թթ․ ձեզ հետ չեմ եղել այստեղ, բայց այս վերջին երկու շաբաթվա ընթացքում զգում եմ, որ պատմությունը կրկնվում է։

Նախորդ անգամ, երբ գնացել էինք Մարտունի, մարդկանց հետ էինք շփվում, ներկաներից մեկը տեսանյութ ցույց տվեց, թե ինչպես էր Ավոն խնայողաբար, ամեն լիտրը հաշվարկելով բաժանում բենզինը։ Ես նայում էի ու մտածում, թե ինչ հետաքրքիր բան է կյանքը, ինչպես է ամեն ինչ կրկնվում, և ինչպես այն ժամանակ, հիմա էլ հավատում ենք, որ ամեն ինչ արդար է լինելու, որ բոլորս նույն պայմաններում ենք ապրելու։ Եթե այդ հավատը կա, մենք կարող ենք հաղթել, քանի որ ուժը գալիս է մեզանից, ոչ թե թշնամուց։

Եկող տարի փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, ինչ մենք սկսել ենք մեր պայքարը: 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Այս շրջափակումը 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի, բայց այս պայքարը մենք պետք է շարունակենք, որ գալիք սերունդն իսկապես տեսնի մեր պայքարի արդյունքները, տեսնի, որ անկախ և երջանիկ Արցախ ունենալու համար ենք մենք հազարավոր զոհեր տվել ու շատ դժվարությունների միջով անցել։

Մենք իսկապես լուրջ աշխատանք ենք անում, երբեմն դուք կարող եք դա չնկատել։ Բայց հավատացեք՝ ամեն օր առավոտյան ժամը 7-ից մինչև ուշ գիշեր, մենք ամեն ինչ անում ենք, որ հաղթահարենք այդ դժվարությունները։

Մենք հասկանում ենք ձեր բոլոր դժվարությունները, գիտենք և՛ անարդարության հետ կապված հարցերը, և՛ այն խնդիրները, որոնք կանգնած են ձեր առաջ, մեր բոլորի առաջ։ Մենք պետք է ստեղծենք նոր իրավիճակ, այնպիսի իրավիճակ, որ բոլորս հավատանք, որ արդար երկրում ենք ապրում։ Սա պետք է դառնա օրինակ ուրիշ երկրների համար, նույն հարևան երկրի համար, որն «էկոակտիվիստների» է ուղարկել: Նրանք պետք է այս ամենը տեսնեն ու հասկանան, նրանք մեզանից պետք է օրինակ վերցնեն։ Մե՛նք ենք իրենց սովորեցնելու, թե ինչպես պետք է ապրեն, ոչ թե իրենք մեզ ասեն, թե ինչպես են էկոլոգիական ստանդարտները պահվում։

Իրենք չեն հասկանում՝ ում հետ գործ ունեն, իրենք չեն հասկանում, որ մեր ուժը նրա մեջ է, որ մենք կարող ենք այսպես հավաքվել հրապարակում ու հանգիստ խոսել։ Ու երբ մենք կազմակերպում էինք այս հանրահավաքը, ես ասել եմ՝ մարդիկ պետք է խոսեն այնպես, ինչպես ուզում են։ Չկա ոչ մի գրաքննություն։ Մենք պետք է հանգիստ կիսվենք իրար հետ։

Իհարկե, մենք գիտենք, որ շատ սխալներ ենք արել, մենք գիտենք, որ ունեցել ենք շատ վրիպումներ: Դրանք եղել են տարբեր պատճառներով։ Ե՛վ փողն է մեզ քայքայել, և՛ արժեքներն ու ավանդույթներն ենք մոռացել։ Այն ամենը, ինչ-որ մեր խորքային ուժն է եղել, մենք կորցրել ենք, որովհետև 30 տարվա մեջ աշխարհն է փոխվել մեր շուրջը, մենք էլ ենք զգացել նոր բաներ, որոնք պատրաստ չենք եղել ընդունել։

Ես վստահ եմ՝ այս դասը մենք քաղել ենք, որ մեջ ուժ գտնենք ու գնանք նոր ճանապարհով։ Ես վստահ եմ՝ արված գործը ջուրը չի ընկել, ուղղակի մենք պետք է մի քիչ ուղղվենք ու գնանք առաջ։ Մենք բոլորս իսկապես մի նավի մեջ ենք։ Այդ նավում շատ կարևոր է, որ մենք իրար հավատանք։

Ամենակարևորը՝ հարգենք մեր պետությունը։ Մեր ամենակարևոր ուժն այն է նաև, որ մենք պետականություն ունենք։ Կարող է այդ պետությունը միշտ չէ այնպիսին, ինչպիսին որ մենք ուզում ենք, երազում ենք, բայց ունենալով Ազգային Ժողով, Սահմանադրություն, Կառավարություն, Անվտանգության խորհուրդ, հասարակական կազմակերպություններ․․․ սա է մեր ուժը, ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ հասարակություն ենք, որը գիտի թե ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ են նշանակում մարդու իրավունքները, ինչ է նշանակում մարդուն հարգելը։

Մի օրենք կա՝ ինչքան քեզ սեղմում են, դու կամ նոր ուժով դուրս ես շպրտում նրանց, կամ փախչում ես, հետ քաշվում: Մենք իրավունք չունենք փախչելու, մենք պետք է ընդդիմանանք, մեր այդ ուժը պետք է ցույց տանք։

Ես գիտեմ մի բան՝ արդարությունը սկսում է շատ պարզ բանից. դու քեզանից պետք է սկսես։ Մենք բոլորս ասում ենք՝ բոլորը մեղավոր են։ Մեզ բոլորիս թվում է, թե բոլորը պետք է օրենքով ապրեն, իսկ մենք չպետք է օրենքով ապրենք։ Եկեք ամենքս՝ սկսած ինձնից, օրինակ դառնանք, որ առաջին պահանջը ինձնից սկսվի, իմ նկատմամբ ավելի շատ պահանջատեր լինենք, քան ձեր նկատմամբ։ Ղեկավարը դա պաշտոն չէ, ղեկավարը մարդկանց հնարավորություն պետք է տա զգալ, որ իրենք ունեն կառավարություն, որն իսկապես ապահովում է իրենց անվտանգությունը, ապահովում է իրենց իրավունքները, ստեղծում է հնարավորություններ։ Ղեկավարը նրա համար է, որ ստեղծի պայմաններ, որ մենք երջանիկ, առողջ ու բերկեցիկ ապրենք։

Ես միշտ ասել ու ասելու եմ՝ Արցախը արմատն է հայկական աշխարհի։ Առանց չափազանցնելու ասեմ ավելին՝ Արցախը արմատն է նաև աշխարհի համար, որովհետև մենք եղել ենք և դառնալու ենք օրինակ՝ նոր վերածննդի, նոր արժեքների և այն ավանդույթների համար, որոնք համարում ենք կարևոր մեզ համար։ Արցախն ունի այն ոգին, որը չկա ուրիշ տեղ։ Հավատացե՛ք, որպես մարդու, ով եղել է 120 երկրից ավելի երկրում։ Արցախը ամենասքանչելի տեղն է աշխարհում։

Մենք ամեն ինչ պետք է անենք՝ վերադարձնելու համար հարգանքը, առաջին հերթին, ինքներս մեր նկատմամբ: Ու այդ հարգանքը պետք է դրսևորվի ոչ թե «ուժեղ տղերքի», այլ արժանապատիվ մարդու նկատմամբ: Մենք պետք է վերադարձնենք հարգանքը ուսուցչի, բժշկի, զինվորի նկատմամբ: Եթե մենք դա չկարողանանք անել, մենք չենք ունենա առողջ հասարակություն: Մենք անպայման պետք է վերադարձնենք հարգանքը դեպի աշխատանքը: Հարգված պետք է լինի աշխատող մարդը, ոչ թե «գործ կպցնողը»: Եվ վերջինը, մենք նորից պիտի հարգենք գիտելիքը, քանի որ միայն գիտելիքով կարող ենք մրցունակ լինել 21-րդ դարում: Դիպլոմը կարևոր չէ, կարևորը գիտելիքն է:

Մենք երեք ճանապարհ ունենք: Առաջինը, ուշ թե շուտ ենթարկվում ենք, կամաց-կամաց ինտեգրվում Ադրբեջանի հետ, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, և երրորդը, պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին: Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ես այստեղից չեմ գնալու, ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին:

Ու ես ձեզ խոստանում եմ՝ իմ գիտելիքը, իմ հեղինակությունը, իմ կապերն ու հնարավորությունները օգտագործելու եմ հանուն Արցախի անկախության ու Արցախի հաջողության: Ուրիշ ձև չկա: Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու: Մեզ սպասվում է ծանր ճանապարհ: Ես չեմ ուզում ձեզ հույսեր տալ, թե ամեն ինչ հեշտ է լինելու: Այդ ճանապարհն անցնելու ենք միասին, ու դա պահանջելու է ծանր ու քրտնաջան աշխատանք: Բայց եթե մենք զգանք, որ իրար հավատում ենք, որ հավատում ենք մեր նպատակին՝ անկախ Արցախ ունենալուն ու մեր հողի վրա ապրելու իրավունքին, ամբողջ աշխարհն է հավատալու մեզ: Ոչ միայն աշխարհն է մեզ օգնելու, այլ՝ մենք ենք աշխարհին օգնելու: Դա էլ է շատ կարևոր: Մենք չպետք է միայն ասենք՝ մենք զոհ ենք, մեզ օգնենք: Ընդհակառակը, մեր ուժեղ լինելով, մեր պայքարի պատրաստակամությամբ հենց մենք ենք օգնում աշխարհին:

Ուզում եմ նորից կրկնել այն, ինչ ասաց սրբազանը: Անտարբերությունը ամենացավալի, ամենածանր հիվանդությունն է: Մենք չենք կարող անտարբեր լինել, ոչ միայն այստեղ՝ Արցախում, այլև ամբողջ հայկական աշխարհում: Գիտեմ, որ մարդիկ վիրավորվել են իմ խոսքից, բայց ես ճիշտ եմ ասել. երեսուն հազար երեխաների պատկերը նրանց հանգիստ չպիտի տա, եթե նրանք շարունակեն անտարբեր լինել, եթե ոչինչ չանեք հայկական աշխարհում, Հայաստանում, ամբողջ աշխարհում:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում, տարբեր երակներում ՝ և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, և՛ Ամերիկայում այն մարդկանց, որոնք իսկապես ամեն ձևով աջակցում են մեզ: Հիմա, այս ընթացքում, Արցախի անունն ավելի շատ է հնչում աշխարհում, քան վերջին քսան տարվա մեջ: Մեր հարցը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և դեռ հնչելու է, քանի որ մենք ճիշտ ենք, մենք պայքարում ենք մեր կյանքի համար: Մեր պայքարում ենք մեր արժանապատվության համար:

Ես միշտ կրկնում եմ այն խոսքերը, որ լսել եմ իմ Արցախ գալու առաջին օրերին՝ արցախցիներից մեկից. «Պատիվ է կյանքս զոհել Արցախի համար, բայց ավելի մեծ պատիվ է Արցախում ապրելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել