Արցախի Հանրապետության ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանը և աշխարհին

Վերածննդի հրապարակից ներկայացվեց Արցախի Հանրապետության ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանը և աշխարհին։

«Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է հղում աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի․

Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ Ավելիքան 120 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխա, հայտնվել են ծանր կացության մեջ՝ ի սպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից։

Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Արցախի և Հայաստանի միջև ցամաքային կապի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա։

Արցախն արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների և անհապաղ վերականգնվի և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար։

Հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և խտրական քաղաքականությունը, որը նոր թափ է ստացել 2020 թվականի աշնանը, մեզ պարտադրված պատերազմից ու դրա թողած աղետաբեր հետևանքներից հետո՝ նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը՝ շարունակելով 1915 թվականի Թուրքիայի կողմից արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության բեմագիրը։

Իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988 թվականին հենց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդյունքում մենք ունենք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հռչակված ինքնիշխան պետություն և նրա կենսունակությունն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ։

Այսօր, երբ վտանգված է համայն հայության երազանք Արցախի Հանրապետության լինելիությունը, մենք խոնարհվելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակի առջև՝ վերանորոգում ենք մեր ուխտը՝ մեր սուրբ նահատակների գործը շարունակելու և մեր արժանապատվությունը պահպանելու համար։

Շարունակվող պայքարի ընթացքում, մենք ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը։ Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնության և արժանապատվության խորհրդանիշ։ Այսօր, երբ հայկական 2-րդ Հանրապետությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև, Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է միավորեն համազգային ներուժը։ Արցախի Հանրապետության ապագան համազգային նշանակության հարց է և պահանջում է համահայկական համախմբում և համերաշխություն։

Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար։ Համադրելով՝ սեփական կարողությունները ու Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հնարավորությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել