«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» նախագահ Արմեն Ասրյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Վերածննդի հրապարակից դիմեց ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանություններին․ «Հոկտեմբերի 30-ին ասում էիք՝ Հայաստանից են մարդիկ եկել, հիմա՞ որտեղից են եկել։ Տեսեք, որ Արցախը կա, լինելու է Արցախը և արցախցին պայքարելու է այստեղ ապրելու համար։ Դա ձեր ականջներին օղ արեք»։
Նրա խոսքով՝ իրենք դիմակայում են պատվով, զրկանքները կրում են պատվով, իսկական արցախցուն վայել ձևով։
«Մենք շատ լավ գիտենք` էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որպեսզի հասնի իր նպատակներին, այսինքն՝ հայաթափի Արցախը։ Հիմա դիմում եմ այդ էկոակտիվիստ կոչեցյալներին՝ գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գանցեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք։ Դուք չեք կարող դա անել, դուք չունեք ձայնի այդ ազատությունը, դուք ձեր տոտալիտար երկրում ձայնազուրկ եք, հիմա եկել եք այստեղ և կապիկություններ եք անում, չի ընդունվելու դա»,-ասաց նա։
Արմեն Ասրյանը նշեց, որ եթե հիմա թույլ տան «էկոակտիվիստներին» մուտք գործել իրենց ուզած տարածքները, հետագայում ավելի լուրջ խնդիրներ կառաջանան և կրկին ճանապարհը փակելը մեծ դժվարություն չի լինի։
«Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ՝ պատրա՞ստ ենք նրանց մուտքը թույլատրելու՝ ոչ, ոչ, ոչ։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք պատվով դիմակայել այս զրկանքներին։ Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում պայքարել Արցախի համար։ Անտարբերությունը մահացու է մեզ բոլորիս համար։ Մենք իրավունք չունենք դավաճանել տղաների շիրիմներին։ Այստեղ ենք ապրելու մենք»,-ասաց նա։