Արցախի Հանրապետության Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքը սկսվեց Տերունական աղոթքով։
Արցախի Թեմի առաջնոր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ իրենք հերթական անգամ համախմբվել են Վերածննդի հրապարակում, առաջին հերթին իրենք իրենց, ապա աշխարհին ցույց տալու միասնականությունը։
«Ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը։ Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են՝ սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ փնտրելու, բայց այս ամենը ինքնանպատակ և անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական և շոշոփելի քայլերի։ Հոգևոր իրականության և մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկկապակցվախ բանաձև դարձած ճշմարտություններ։ Առաջինն ասում է՝ փրկիր ինքդ քեց և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և բոլորը կխոնարհվեն քո առջև։
Վստահաբար բոլորս էլ մտածում ենք՝ եթե Արցախյան վերջին պատերազմում մենք հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև, բայց ուզում եմ, որ մենք կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են, մեր մեջ։
Ցավոք սրտի մեր ազգը շատ հաճախ է ընկնում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ։ Երբ 30 տարի առաւ երկիրը գտնվում էր կործանման եզրին, համախմբվեցինք, ազգովին ապաշխարհեցինք և կերտեցինք մեծամեծ հաղթանակներ, բայց իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո, երբ անհրաժեշտ է խոհեմություն, շրջահայացություն հոգեկան հավասարակշռությունը պահելու՝ արդարության և մարդկանց հավասարությունը պահելու այդ նույն զգացումներն անելու, որոնք որ ունեինք վտանգի ժամանակ։
Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ, հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ ես-ը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ։ Ու փչացնում են մեր նկարագիրը, մոռացվում են Աստված և եկեղեցի և ներկան համարելով, որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհի գանձերը գերադասել երկնային գանձերից։
Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը։ Եվ, եթե կարողացանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ։
Որպես Արցախի Թեմի առաջնորդ, ցանկանում եմ դիմել մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին՝ այո՛, Արցախն ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների։ Արցախն ունի իր զավակների ֆիզիկական ներկայության կարիքը։ Ուստի, սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը, ձեր ինքնության հենարանը։ Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին»,-ասաց նա։