Կառավարության դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում, և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ է հատկացվել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների ու գույքային հագեցվածության բարելավման համար:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ներկայացնելով հարցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվող ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի` մի շարք կրթական և մշակութային հաստատություններում իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, շինարարական աշխատանքների կատարում, գույքային հագեցվածության բարելավում:
«Շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն երկու դպրոցի, մեկ մշակութային հաստատության և մեկ գիտական կենտրոնի համար, որտեղ նախատեսվում է ձևավորել գիտական միջավայր և թանգարան` դպրոցականների՝ գիտության նկատմամբ հետաքրքրության աճը խթանելու նպատակով: Ծախսային երկրորդ ուղղությունը շինարարական աշխատանքներն են, որոնք վերաբերում են մշակութային 4 հաստատության: Նախատեսվող աշխատանքներն էապես կփոխեն ծրագրում ընդգրկված մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը` նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այցելուների քանակի ավելացմանը: Ծախսային երրորդ ուղղությունը վերաբերում է 6 կրթական և 4 մշակութային հաստատությունների գույքային հագեցվածությանը: Դրանք հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ վերակառուցման և նորոգման անհրաժեշտ աշխատանքներն արդեն արված են, և նոր գույքի ապահովմամբ կամբողջացվեն իրականացված աշխատանքները: Մշակութային հաստատությունների համար նախատեսված գույքի ձեռքբերումը ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով կբարելավվեն աշխատանքի պայմաններն ու միջավայրը»,- նշել է նախարարը:
Նախագծանախահաշվային փաստաթղթեր`
- Բերդի ավագ դպրոցի շենքի տանիքի նորոգման նախագիծ
- Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցի ճաշարանի նորոգման նախագիծ
- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սառնամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգման նախագիծ
- ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ գիտական կենտրոնի ստեղծման համար նախատեսված շենքի հիմնանորոգման նախագիծ
Շինարարական աշխատանքներ`
- Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի տանիքի վերակառուցում
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, աստիճանավանդակների, փորձասենյակի վերանորոգում, դռների և պատուհանների փոխարինում
- «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի թանգարանային մասնաշենքի տանիքի հիմնանորոգում
- Հայաստանի ազգային պատկերասրահի էլեկտրականության բաշխման սարքերի մոնտաժման աշխատանքների իրականացում
Գույքով ապահովում`
- «Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ հիմնադրամի լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքի ձեռքբերում
- Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի համար գույքի և նյութատեխնիկական բազայի ապահովում
- Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի մասնագիտական նյութատեխնիկական բազայի ձեռքբերում
- Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի համար լսարանային, մարզական և վարչական գույքի ձեռքբերում
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի համար նոր գույքի ձեռքբերում
- Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար գրասենյակային գույքի և տեխնիկայի ձեռքբերում
- Հայաստանի ազգային պատկերասրահում նոր վերելակների տեղադրում
- Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի համար մասնագիտացված լաբորատոր սարքավորումների ձեռքբերում
- Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լուսաձայնային սարքավորումների ձեռքբերում
- Հայաստանի երգի պետական թատրոնի համար նոր դահլիճի աթոռների ձեռքբերում