ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ: Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝
• Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել աշակերտական սեղանների և աթոռների 26 հավաքածու:
• Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի միջանցքներում անվտանգության նկատառումներով տեղադրված է տեսաձայնագրող անվտանգության համակարգ, որն անսարք է:
Նախատեսվում է տեսաձայնագրող սարքերի ձեռքբերում:
• Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի համար էլեկտրոնային գրատախտակի գնում կկատարվի` ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
• Երևանի թիվ 46 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել ուսումնական գույք` սեղաններ, աթոռներ, գրատախտակ և պահարան:
• Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել պրոյեկտորի էկրան և ուսումնական գույք՝ սեղաններ և աթոռներ:
• Մարտունու Մ․ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կիրականացվի ճաշարանի ջեռուցման համակարգի տեղադրում:
• Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներ:
• Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում կիրականացվեն պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման աշխատանքներ: