Հին Շենի բնակիչները հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն համայնքի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն ասել է, որ եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա դեղորայքի խնդիր կունենան: «Գյուղում քիչ չեն տարեցները, ովքեր պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»,-տեղեկացրել է Սամվել Սարգսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից միջպետական մայրուղին փակելու հետևանքով ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Հին Շենում: «Բնակչությունն այս պահի դրությամբ պարենամթերքի պակաս գրեթե չունի: Գյուղում այս օրերին էլ գործում է առևտրի կետը: Միրգն էլ յուրաքանչյուրն իր այգուց հավաքածն է օգտագործում»,-հավելել է համայնքապետը՝ նշելով, որ Հին Շենի բնակիչները չեն ընկճվում և ամուր են կանգնած հայրենի հողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել