Գործազուրկ և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։
Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ այդմ, առաջարկվում է գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին աջակցություն տրամադրել՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի վերադարձի տեսքով՝
հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող 18-63 տարեկան անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ 90 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով)՝ 12 ամիս ժամկետով։ Նախատեսվում է նաև լրացուցիչ աջակցություն՝ առավելագույնը 500,000 դրամի չափով՝ խելամիտ հարմարեցումների համար և ամսական 100,000 դրամի չափով աջակցություն՝ տրանսպորտային ծառայություններից օգտվելու համար (12 ամիս ժամկետով),
18 – 29 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 50 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 100,000 դրամ՝ 3 ամիս ժամկետով։ Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով,
30 – 45 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 30 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 100,000 դրամ՝ 6 ամիս ժամկետով։ Կանանց և նպաստառուների դեպքում՝ աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով,
46 – 63 տարեկան գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 50 % եկամտահարկի վերադարձ (եռամսյա կտրվածքով), բայց ոչ ավելի, քան 150,000 դրամ՝ 9 ամիս ժամկետով։ Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողությունը նախատեսվում է ավելացնել 3 ամսով։
Աջակցությունը նախատեսվում է տրամադրել այն գործատուներին, որոնք հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին կամ ոչ առևտրային կազմակերպություն չեն, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակում աշխատանքային պայմանագիր են կնքել այն գործազուրկի հետ, ով, մինչև տվյալ միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը, վերջին երեք ամսվա ընթացքում հարկ վճարող աշխատող չի եղել և վերջին վեց ամսվա ընթացքում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3hC5tz7